Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ապագա բժիշկ (1269-70) 12-13.2012 Սեպտեմբեր


Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919

Գլխավոր քննություններն առջևում են...

Գլխավոր քննություններն առջևում են...

Հուլիսի 4-ին Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի գիտական խորհրդի հանդիսավոր նիստի ժամանակ հիպոկրատյան երդում տվեցին 2011-12 ուսումնական տարվա շրջանավարտները:

 

Երդում, որ մասնագիտական ողջ գործունեության ընթացքում պարտադրելու է ցուցաբերել գթասրտություն ու միաժամանակ` բարձր պատասխանատվություն: Հանդիսությանը մասնակցում էին բուհի կառավարման խորհրդի նախագահ, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և ՀՀ առողջապահության նախարար, պրոֆեսոր Դերենիկ Դումանյանը:

 

Այս տարի բժշկի դիպլոմ ստացավ ԵՊԲՀ-ի ստոմատոլոգիական և դեղագիտական ֆակուլտետների 115 շրջանավարտ:

 

Կրթության երկաստիճան համակարգի ներդրման արդյունքում ընդհանուր բժշկության ֆակուլտետի մագիստրատուրան այս տարի շրջանավարտներ չտվեց: Այն շրջանավարտներ կտա եկող ուսումնական տարում: Հավելենք, որ մի քանի օր առաջ հանդիսավոր պայմաններում դիպլոմ ստացավ օտարերկրացի 106 շրջանավարտ:

 

Գերազանց առաջադիմությամբ բուհն ավարտած շրջանավարտներին առաջին կարգի (կարմիր) դիպլոմները հանձնելուց առաջ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել օրեր առաջ ողբերգական մահով կյանքից հեռացած գործընկերոջ և այս բուհի շրջանավարտ, զինվորական բժիշկ Վահե Ավետյանի հիշատակը:

 

Շնորհավորելով շրջանավարտներին` նախարարն ասաց.«Բժշկական համալսարանի շրջանավարտ լինելը մեծագույն պատիվ է և լավ կյանքի ուղեգիր: 

 

 

Շատերն ասում են` ո՞ւմ են պետք այդքան բժիշկները, երբ մեր բժշկական աշխատաշուկան հագեցած է: Բայց կրկին նշեմ, որ բժիշկները պետք են մեզ, քանի որ քաղաքացիները զգում են նրանց կարիքը»:

 

Վերհիշելով իր ավարտական հանդիսության օրը` Ա. Աշոտյանն ավելացրեց. «Երբ ընթերցում էի Հիպոկրատի երդումը տեքստն անգիր գիտեի, բայց հուզմունքից մոռացա ասել ամենակարևոր հատվածները: Կուրսեցիներս կատակեցին, թե այդ դեպքում իրենք կարող են մատների արանքով նայել տված երդմանը:

 

Սիրելի´ շրջանավարտներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ և մաղթում հաջողություններ: Վստահ եմ, որ ձեզանից շատերը կհամալրեն Հայաստանում լավ բժշկի համբավ ունեցող գործընկերների շարքերը: Յուրաքանչյուր ոք լավ բժշկի կարիք է զգում: Մաղթում եմ, որ լինեք այնքան երջանիկ ու առողջ, որ կարողանաք այրվելով լուսավորել ուրիշների կյանքն ու ճանապարհը»:

 

Այնուհետև շրջանավարտները` ձայնակցելով ԵՊԲՀ-ի ուսանողական խորհրդարանի մշակույթի և ազատ ժամանցի հանձնաժողովի նախագահ Տիգրան Սահակյանին, հնչեցրեցին Հիպոկրատի երդումը:

 

Ինչպես ԵՊԲՀ-ի ռեկտորի պաշտոնակատար Սամվել Ավետիսյանը նշեց` բժիշկ մասնագետի դիպլոմ ստացողների համար գլխավոր քննությունները դեռ առջևում են:

 

«... Այժմ հետևում են քննություններն ու ստուգարքները, սակայն ձեր ամենօրյա գլխավոր քննությունները դեռ առջևում են, որոնք դուք հանձնելու եք ողջ կյանքի ընթացքում:

 

Սիրելի շրջանավարտներ, պետք է գիտակցեք, որ ուսումնառության ընթացքում ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները ձեզ հնարավորություն են տալու առավել վստահ իրագործելու այն երդումը, որի բովանդակությունն ինքնին թելադրում է զգոնություն, զսպվածություն, պատասխանատվության բարձր զգացում, համբերություն, մարդասիրություն: Ձեր երդմամբ դուք ստանձնում եք աստվածահաճո մի առաքելություն, որը ողջ կյանքում պիտի իրականացնեք ոչ միայն ստացած գիտելիքներով, այլև գթասրտությամբ ու կարեկցանքով: Հրաժեշտից առաջ ձեզ եմ հղում մեր կոլեկտիվի պատգամը` ընդմիշտ հավատարիմ մնացեք ձեր երդմանը և որտեղ էլ լինեք, բարձր պահեք մայր կրթօջախի անունն ու վարկը: Երևանի պետական բժշկական համալսարանի շատ շրջանավարտներ առանձնանում են ոչ միայն բարձր պրոֆեսիոնալիզմով, այլև լայն մտահորիզոնով, պատասխանատու որոշումներ ընդունելու յուրօրինակ ձիրքով: 

 

Մասնագիտական կայացման ճանապարհին երբեք չխուսափեք ընդունել կոլեգաների, բանիմաց գործընկերների խորհուրդները: Իսկ հետագայում փորձեք ձեր գիտելիքները, երիտասարդական ավյունը, առողջ մրցակցությունը և անձնական ավանդը ներդնել Հայաստանի Հանրապետության բժշկագիտության զարգացման գործում, քանի որ մեր պետության առաջընթացի գրավականներից մեկը նաև բժշկագիտության ոլորտում որակյալ, գիտակ մասնագետներ ունենալն է: Մեր նորանկախ հանրապետության հետ հասակ առնելով` դուք պետք է գիտակցեք, որ դժվարություններով ձեռք բերված ու կառուցած երկիրն առավել թանկ է ու սիրելի: Երևանի պետական բժշկական համալսարանը հպարտությամբ և պատասխանատվությամբ է իրականացնում վերոնշյալ առաքելությունը: 

 

Համալսարանը եղել և մնում է այս ոլորտի հիմնական ու գլխավոր մասնագիտական դարբնոցը: Գիտամանկավարժական, ուսումնական և հետազոտական աշխատանքային փորձը համալսարանի հարստությունն են: Այս ամենը կարող էր սոսկ բուհի անցած իմաստալից և փառավոր ճանապարհը լինել, եթե համալսարանը ժամանակակից պահանջներին համընթաց քայլելու կամք ու կարողություն չդրսևորեր: Այս հանգամանքով է պայմանավորված տարիների ընթացքում ձեռք բերված ճանաչելիության ու հեղինակության աշխարհագրության ընդլայնումը:

 

Հավատացած եմ, որ դուք էլ պատասխանատվությամբ կպահպանեք և կկրկնապատկեք Alma Mater-ի հիանալի ավանդույթները` արժանապատիվ գործերով բարձրացնելով նրա հեղինակություը: 

 

Սիրելի´ շրջանավարտներ, միշտ հավատարիմ մնացեք բժշկի վսեմ ու պատասխանատու մասնագիտությունը` մշտապես պահպանելով ձեր առանձնակի տեղն ու դերը: Կայացման այս դժվարին փուլում ունեք ծանրակշիռ անելիք ու ասելիք: Ինչպես միշտ, մեզանից պահանջվում է լինել բծախնդիր ու աշխատանքին նվիրված, քանզի մենք ունակ, կարող ու բռունցքված ուժ ենք: 

 

Այս լավատեսությունը թող երբեք չլքի ձեզ և նեցուկ լինի բոլորիդ աշխարհի որ ծայրում էլ որ լինեք: Հավատարիմ եղեք ձեր երդմանը և հետևեք ձեր կոչմանը:

 

Աստված ձեզ պահապան:

 

ՀՀ առողջապահության նախարար, ԵՊԲՀ-ի նախկին ռեկտոր, պրոֆեսոր Դերենիկ Դումանյանը, դիմելով շրջանավարտներին, նրանց ծնողներին ու բուհի պրոֆեսորադասախոսական անձնակազմին, ասաց.

 

«Այս պահին ես տարբեր զգացողություններ ունեմ: Նախ վերապրում եմ այն պահը, երբ ինքս էի Հիպոկրատի երդում տալիս: Այն ժամանակ ինձ թվում էր, թե հաջորդ օրվանից իսկ կյանքեր եմ փրկելու, սակայն պարզվեց, որ դեռ շատ ու շատ պետք է սովորել:

 

Որպես հարազատ այս բուհի նախկին ռեկտոր ես նաև կիսում եմ պրոֆեսորադասախոսական անձնակազմի ուրախությունն ու հպարտությունը: Վստահ եմ, որ դուք հպարտությամբ կհիշեք նրանց, նրանք էլ իրենց հերթին ձեզնով հպարտանալու շատ առիթներ կունենան: Իսկ որպես ՀՀ առողջապահության նախարար պատիվ ունեմ ասելու` բարով եք գալիս համակարգ: Կստեղծենք անհրաժեշտ բոլոր պայմանները` որպես մասնագետ ձեր կայացման համար»:

 

Թե´ նախարարները, թե´ ռեկտորի պաշտոնակատարը հույս հայտնեցին, որ 2011-12 ուսունական տարվա շրջանավարտները ևս բարձր կպահեն իրենց բուհի պատիվը: Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանն իր ավելի քան 90-ամյա գործունեության ընթացքում անուրանալի ներդրում է ունեցել բժշկական բարձրորակ կադրերի պատրաստման գործում: Ավանդույթ, որ շարունակվում է առ այսօր:

 

Հանդիսությունն իսկական տոնի վերածվեց ուսանողական խորհրդարանի կազմակերպած համերգի շնորհիվ:

Սկզբնաղբյուր. Ապագա բժիշկ (1269-70) 12-13.2012 Սեպտեմբեր
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին

Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ